«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
07.11.2008 | 00:00

Մեծարգո պարոն նախագահ
Վերջին շրջանում Հայաստանի ԶԼՄ-ները հրապարակեցին նախկին 42 մահվան դատապարտվածների հանդեպ թույլ տրված անարդարությանը վերաբերող նյութեր։ Նկատի ունենալով, որ այդ նյութերում պակասում էր հիմնականը, այսինքն՝ իրավաբանական հիմնավորումը, և ինքս լինելով վերոնշյալ (արդեն 40) մահվան դատապարտվածներից մեկը, կփորձեմ ապացուցել, որ անհիմն չէ արդարության վերականգնմանն ուղղված մեր հայցը։
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003 թ. օգոստոսի 1-ին նախկին 42 մահապատժի դատապարտվածներին «ներման» հրամանագրի միջոցով դատապարտեց ցմահ ազատազրկման։ Ի վերջո, երեք տարի տևած քաշքշուկներից հետո, երբ իշխանությունների համար էլ պարզ դարձավ, որ Ռ. Քոչարյանի «ներման» հրամանագիրն իր մեջ պարունակում է օրենքի խախտումներ, ԱԺ-ն փոփոխություն արձանագրեց քրեական դատավարական օրենսգրքի 52 հոդվածում, որի հիման վրա գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը միջնորդություն ներկայացրեց Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանին, որն էլ իր հերթին՝ 2006 թ. օգոստոսի 8-ին, հենվելով Ռ. Քոչարյանի «ներման» հրամանագրի վրա, մեղադրանքները «համապատասխանեցրեց» քրեական նոր օրենսգրքին` թողնելով նախագահի սահմանած վճիռն անփոփոխ։ Դրանով նախագահական վերոնշյալ սխալ հրամանագիրն ամրապնդվեց դատական ակտի միջոցով։
Այն տպավորությունն է ստեղծվում, որ ամեն ինչ արվեց նախկին մահապարտների ցմահ ազատազրկման վճիռներն օրենքով անթերի դարձնելու համար։ Սակայն, քանի որ ոչ ԱԺ-ն, ոչ դատախազությունը, ոչ էլ դատարանը նախագահական «ներումը» անվավեր չհայտարարեցին, ամբողջ գործընթացը ստիպված եղավ հիմնվել այդ թույլ օղակի վրա։
Սույն նամակի նպատակն է ապացուցել, որ օրենքը թույլ չէր տալիս մահապատիժը փոխարինել ցմահ ազատազրկումով, և որ նախագահն իրավունք չուներ մահապատիժը փոխարինել, 15 տարի ազատազրկումից բացի, որևէ այլ պատժով։
Ըստ Սահմանադրության, նախագահն իրավունք ունի որևէ հրամանագիր ստորագրելու, եթե այդ հրամանագրով չի խախտվում Հայաստանում գործող որևէ օրենք։ Սակայն, 2003 թ. օգոստոսի 1-ին, երբ Ռ. Քոչարյանը ստորագրեց «ներման» հրամանագիրը, գործում էր «Քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» ԱԺ օրենքը, որով արգելվում էր նախկին մահվան դատապարտվածների պատիժը փոխել ցմահ ազատազրկման։ Ավելին, ցմահ ազատազրկումը, որպես պատժի ձև, անհնարին էր կիրառել, քանզի արգելված է ՀՀ օրենքներով և միջազգային նորմերի դրույթներով։
Նախկին քրեական օրենսգրքի 21 հոդվածով սահմանված են հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ հնարավոր կիրառվելիք հիմնական պատժի տեսակները, որտեղ բացակայում է ցմահ ազատազրկումը՝ որպես պատժատեսակ, իսկ 23 հոդվածում հստակ նշված է (մեջբերում եմ բառացի). «Ազատազրկում սահմանվում է երեք ամսից մինչև տասը տարի ժամանակով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների համար, առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած հանցագործությունների համար ՀՀ օրենսդրությամբ և սույն օրենսգրքի հատուկ մասով նախատեսված դեպքերում՝ 15 տարուց ոչ ավելի ժամանակով»։ Նույն օրենսգրքի 22 հոդվածով, որպես բացառիկ պատժամիջոց, թույլատրվում է մինչև նրա լիակատար վերացումը կիրառել նաև մահապատիժը։
Համաձայն նոր քրեական օրենսգրքի 49 հոդվածի, որը գործողության մեջ է դրվել 2003 թ. օգոստոսի 1-ից, սահմանված են պատժի տեսակները, որտեղ առկա է նաև լրիվ նոր պատժաձև՝ ցմահ ազատազրկումը, որը նախկինում քր.օր.-ով նախատեսված չի եղել։
Հայտնի է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը 2003 թ. սեպտեմբերին վավերացրեց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ մահապատժի վերացման մասին թիվ 6 արձանագրությունը, որի 1-ին հոդվածով սահմանված է, որ մահապատիժը, որպես բարձրագույն պատժաձև, վերացվում է։ Իսկ 6-րդ արձանագրության 3-րդ և 4-րդ հոդվածներում սահմանված է շեղումների և վերապահումների արգելման մասին։ Այսինքն՝ մահապատժի վերացման փաստը չի նշանակում, որ վերջինս պետք է փոխարինվի օրենքով սահմանված մեկ «այլ» խստագույն պատժի տեսակով, ուստի նման փոխարինումը պետք է համարել պարզապես անհիմն։
ՄԻԱՀ-ի եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։ Իսկ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 13 հոդվածի 2-րդ կետում նույնպես սահմանված է, որ պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի։ ՈՒստի նոր քր.օր-ի 49 հոդվածի 10-րդ կետով և 60 հոդվածով նախատեսված ցմահ ազատազրկումը համարվում է խստացնող և անձի վիճակն այլ կերպ վատթարացնող պատժաձև, եթե համեմատում ենք ոչ թե նախկին քրեական օրենսգրքով նախատեսված մահապատժի, այլ նույն օրենսգրքի 23 հոդվածով նախատեսված առավելագույն պատժաչափի՝ 15 տարվա հետ, ուստի այն հետադարձ ուժ ունենալ չի կարող։
Այսինքն՝ ոչ միայն Ռ. Քոչարյանը, այլև ոչ ոք ու ոչ մի ատյան իրավունք չուներ մահապատիժը փոխարինելու ցմահ բանտարկությամբ, այն կարող է փոխարինվել առավելագույնը 15 տարի ազատազրկմամբ։
Անշուշտ, այլ կլիներ 42 նախկին մահվան դատապարտվածների վերաբերմունքն այս բոլորի հանդեպ, եթե առնվազն Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատարանում, իրոք, վերանայվեին ու բացահայտվեին 42 մահավճիռներից նրանք, որոնցում առկա են պատժի չափազանցումներ, կասկածելի մեղադրանքներ, և վճռի մեղմացումներ արձանագրվեին սահմանադրական նոր փոփոխությունների, նոր քրեական օրենսգրքի, նոր ստորագրված կոնվենցիաների արդյունքում ստեղծված իրավական նոր տրամաբանության հիման վրա։ Դա՛ կլիներ նվազ անօրեն ու նվազ անարդար աշխատաոճ։
Հարգարժան պարոն նախագահ, խնդրում եմ սույն նամակում արծարծված փաստարկների հիմնավոր լինելը հանձնարարեք ստուգել անկախ իրավագետներին և ոչ անպայման համապատասխան մարմիններին, որովհետև, ինչպես արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն էր մեզ ասում՝ կարող են լինել օրենքների տարբեր մեկնաբանություններ։ Իրավագետ-փորձագետներից շատերը համարում են, որ սույն նամակում առաջ քաշված փաստարկներն անսխալ են ու մեկնաբանության կարիք չեն զգում, սակայն, մինչև իսկ եթե ընդունենք, որ գոյություն ունեն երկու իրար հակասող մեկնաբանություններ, ապա օրենքի տրամաբանությունն ասում է, որ եթե օրենքում երկիմաստություն է առաջանում, հարկ է նկատի ունենալ մոտեցման (մեկնաբանության) այն տարբերակը, որը բխում է մեղադրյալի (դատապարտյալի) շահերից։
Խնդրում ենք, պարոն նախագահ, վերականգնե՛ք արդարությունը։
Ցմահ ազատազրկման դատապարտված
Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4490

Մեկնաբանություններ